BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հարկային օրենսգիրքը բիզնեսին նոր շունչ հաղորդող, հարկային ընդհանուր բեռը և վարչարարությունը թեթևացնող մեսիջների կարիք ունի»

«Հարկային օրենսգիրքը բիզնեսին նոր շունչ հաղորդող, հարկային ընդհանուր բեռը և վարչարարությունը թեթևացնող մեսիջների կարիք ունի»
14.06.2016 | 14:46

Հունիսի 14-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում շարունակեց քննարկել վիճահարույց Հարկային օրենսգրքի նոր նախագիծը: ԱԺ փոխանախագահ Հերմինե Նաղդալյանը արտահերթ ելույթում նշեց, որ ավելի քան տասը տարի առաջ էր խնդիր դրվել մշակել հարկային օրենսգիրք, աշխատանքային խմբեր էին ստեղծվել, բայց մի տասնամյակ ամենատարբեր պատճառներով գաղափարը չիրականացվեց, և ընդամենը վերջին մեկ-երկու տարում ստեղծվեց փաստաթուղթը, որ քննարկման առարկա է:

«ՀՀ հարկային օրենսդրության մաս կազմող հիմնական օրենքները, որոնք նաև թվով շատ են և իրենց բազմազանությամբ ճնշում են տնտեսվարողներին, ընդունվել են 18 տարի առաջ, այս տարիներին այդ օրենքներում անընդհատ կատարվել են լրացումներ և հաճախակի փոփոխություններ: Թերևս, ոչ մի ոլորտի օրենսդրություն չի փոփոխվել այդքան հաճախ, իսկ ժամանակներ կային, երբ օր չկար, որ խորհրդարանում հարկային օրենսդրության փոփոխություն չքննարկվեր, այն աստիճան, որ եղավ մի պահ, գործընկերները կհիշեն, երբ ոչ միայն աշխարհը չէր հասցնում նորը յուրացներ, շատ դեպքերում անգամ անձնակազմը չէր հասցնում փոփոխությունների հետևից: Եվ եղավ ժամանակ, երբ անգամ կարիք եղավ հատուկ պայմանավորվածություն ձեռք բերել մորատորիումի մասին, որ գոնե որոշ ժամանակ կայունություն մտնի տնտեսական դաշտ:


Այսօր վերջապես, հատկապես վերջին երկու տարիների քրտնաջան, նպատակասլաց աշխատանքի շնորհիվ, մենք ունենք Ազգային ժողովի և հանրության դատին ներկայացված ստվար փաստաթուղթ:
Բայց խնդիրը միայն այն չէ, որ հարկային օրենսդրության բոլոր փաստաթղթերը միացնեինք իրար պարզ մեխանիկական ճանապարհով և ստանայինք միասնական փաստաթուղթ՝ բոլոր գոյություն ունեցող լուծումները միավորելով: Դա կլիներ չափից ավելի պարզունակ մոտեցում»:

Աժ փոխնախագահը շեշտում է, որ այսօր անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նոր լուծումներ, կոնցեպտուալ մոտեցումներ, որովհետև այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, կա ժամանակի հրամայականը, արտահայտված երկրի նախագահի հայտնի ելույթում, ուր շեշտադրվում էր երկրում տնտեսական առաջընթաց, տնտեսվարողների գործունեությունը ծավալելու և ընդլայնելու հստակ հեռանկարներ ապահովելու մասին, սա դրված է նաև կառավարության ծրագրում՝ որպես գերակայություն, և հարկային օրենսգիրքը բարելավելու առաջին նպատակը ՝ այդ խնդիրները լուծել՝ նպաստել նշված նպատակադրումների իրագործմանը:


«Այսօր այս քննարկումներով մենք պիտի համոզվենք, որ բոլոր այն լուծումները, որոնք քննարկվում են, կամ գոնե դրանց մեծ մասը իրականում նպաստելու են երկրի և տնտեսության առաջ դրված խնդիրների լուծմանը: Մենք պետք է վստահ լինենք՝ այս դահլիճում նստած են և շատ բազմափորձ պրոֆեսիոնալներ, և գործարարության խնդիրներին լավատեղյակ անձինք, և քաղաքական գործիչներ, որ շատ լուրջ կոնտակտներ ունեն բիզնես համայնքի հետ, ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Մենք պետք է կառավարության մասնագետների հետ համատեղ աշխատանքով գտնենք լավագույն լուծումները՝ մեր երկրին, մեր տնտեսությանը և մեր քաղաքացիներին այս փաստաթղթով օգտակար լինելու համար:


Եվ պետք է տեսնենք՝ որքանո՞վ է այս փաստաթուղթը համապատասխանում այն բարձր պահանջներին, որ մեր երկիրն այսօր ունի՝ պետության առաջընթացը ապահովելու՝ ինչպե՞ս և ի՞նչ չափով, ապահովելու բարձր արտադրողական, տեխնոլոգիական, արդի պահանջներին համապատասխան տնտեսության կայացումը, նոր ներդրումների ներգրավումը տնտեսության մեջ, որակյալ աշխատատեղերի ստեղծումը: Ահա սա է խնդիրը»:


Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ որքան էլ ֆիսկալ խնդիրները մշտապես կարևոր են, կարևոր են նաև հարկային վարչարարության խնդիրները և լուծումները՝ արժեքավոր ու գովելի, այնուամենայնիվ, հիմա ժամն է՝ համալիր, կոնցեպտուալ լուծումների, կայուն և կանխատեսելի դաշտ ստեղծելու երկարաժամկետ հեռանկարի համար: Նա քննարկումներից առանձնացրել է գոհացուցիչ բազմաթիվ դիտարկումները.


-նախատեսվող փոփոխությունները երկարաժամկետ են, այսինքն՝ հարկ վճարողների և ներդրողների համար կանխատեսելի հարկային միջավայր ձևավորելու նպատակով հարկային օրենսդրությունը կլինի կայուն, հաճախակի փոփոխությունների չի ենթարկվի որոշակի ժամանակ՝ 3-5 տարի, որը հնարավորություն կտա հարկային համակարգում ապահովել կայունություն և սահունություն, տնտեսվարող սուբյեկտներն ու հասարակության առանձին խմբեր բավարար ժամանակ կունենան հարմարվելու փոփոխվող հարկային միջավայրին:
- կկարգավորվեն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների հետ կապված հարաբերությունները՝ հնարավորինս կրճատելով հարկ վճարողների ստուգումներ իրականացնելը՝ շեշտը դնելով վերլուծությունների և կամերալ, գրասենյակային ուսումնասիրությունների վրա:
Ընդհանրապես, ստուգումների հետ կապված խնդիրներում բազմաթիվ բարելավող նշանակություն ունեցող կարգավորումներ են մտնում՝ պարոն Միրումյանը շատ մանրամասն ներկայացրեց՝
-հանդիպակաց ստուգումները վերանում են.
- վաղեմության ժամկետի 3 տարվա ժամկետը տարածվում է
վերաստուգումների վրա.
-ստուգման փաստաթղթերը ստորագրելու ժամկետի
ընդլայնումը.
- թեմատիկ ստուգման նպատակից դուրս գալու արգելքը.
- ավելի վճարածը հետ ստանալու հնարավորություն և այլն:
- Էականորեն պարզեցվում ու ազատականացվում է հարկերի հաշվարկման և վճարման կարգը, որը հիմնականում կդրսևորվի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հաշվանցումների կատարման և դեբետային մնացորդների օգտագործման ազատականացմամբ:


* Կրճատվում է հարկերի հաշվարկման և վճարման հարկային մարմիններին հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը:
* Վերանում է մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն մեկ այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարումներ կատարելու և դրա հետևանքով տույժերի ենթարկվելու հավանականությունը:
* Կարգավորվում են ԱԱՀ-ով հարկման ժամանակաշրջանում կուտակված դեբետային մնացորդների գումարները հարկման այլ դաշտում գտնվելու ժամանակաշրջանում հաշվանցելուն վերաբերող հարցերը:
* Հնարավորություն է ստեղծվում հարկ վճարողների անձնական հաշվի քարտը վարել բացառապես էլեկտրոնային եղանակով:
-Ազատականացվում է շահութահարկի կանխավճարների հաշվարկման համակարգը:
- Վերացվում են հարկման նպատակով նորմավորվող որոշ ծախսերի նորմաները, այսինքն՝ ապրանքների արտահանման, կադրային ներուժի շարունակական զարգացման նպատակով կատարվող այնպիսի ծախսերի սահմանափակումները, ինչպիսիք են արտերկրում կատարվող գովազդի ու մարկետինգի ծախսերը, կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծախսերը:
- Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների համար սահմանվում են ձեռնարկատիրական եկամտի /շահութահարկի/ հարկման հավասար դրույքաչափեր, այսինքն՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից սահմանվում են հարկման միատեսակ պայմաններ – 20% դրույքաչափով:
- Պարզեցվում են հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերի հաշվառման կանոնները, ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման ու կատարման համակարգը:
Այս ամենը շատ լավ է, այս առումով պետք է կարևորել և բարձր գնահատել միջազգային և հայրենական փորձի հիման վրա կատարված մեծ աշխատանքը,
բայց առանձնացնենք հետևյալ մեզ մտահոգող կողմերը՝


1. Բազմիցս խոսել ենք մաքսային սահմանից երկրի ներքին տարածք հարկային բեռի տեղափոխման, ներմուծողների համար շրջանառու միջոցների տնտեսման մասին: Ցավում եմ, սակայն նախագծում չգտա գոնե տեսանելի միջնաժամկետ կամ երկարաժամկետ հատվածում ԱԱՀ-ը սահմանից երկրի ներս տեղափոխմանը վերաբերող դրույթներ:
Առաջարկում եմ լուրջ քննարկել և հիմնավորումներ բերել, թե ինչու մեր երկրում, գոնե, ասենք, 4-5 տարի հետո հնարավոր չէ կամ նպատակահարմար չէ ԱԱՀ դրույքաչափը աստիճանաբար իջեցնել, ինչպես մեր ԵԱՏՄ գործընկերներն են անում: Ասենք ավելին, ինչի՞ մասին է խոսում ԱԱՀ –ն սահմանին գանձելու երևույթը`այստեղ ես միանում եմ Հ. Բագրատյանի առաջարկին: Սա միջազգային տնտեսության հիվանդ հարկատեսակն է, որից պետք է օր առաջ ձերբազատվել, իսկ մենք դեռ բազմապատկել ենք դրա վնասը:
2. Դիվիդենտների հարկումը՝ անկախ նրանից, թե որ երկիրը այս հարցում ինչպես է վարվում, մենք ունենք միայն մեզ հատուկ ծանրացնող հանգամանքներ, որոնք խոչընդոտում են մեր երկիր ներդրումների ներգրավումը՝ սա ևս մեծ հարված կլինի:
Սրա հետ կապված ստվերային խնդիրներ կան իրոք, բայց պետք է այլ ուղի գտնել դրանց լուծման համար:
3.Առանձին հարկատեսակներից շատ խոսվեց եկամտային հարկի կարգավորումների մասին, գուցե այստեղ պետք է ավելի ուշադիր հետևել այն քաղաքականությանը, որ վարում են մեր ԵԱՏՄ գործընկերները, ոչ թե գնալ եկամտային հարկի դրույքաչափի «կոսմետիկ» փոփոխությունների, ինչը արդարացիորեն առաջացնում է գործատուների դժգոհությունը
4. Ակցիզը՝ ծխախոտը և ալկոհոլը հասկանում եմ, բենզինը և սեղմված բնական գազը՝ չեմ հասկանում:
5. ՓՄՁ - 40 մլն. դրամը, երբ 58.3 էր հաշվարկով ապացուցում էինք, որ հնարավոր չէ տեղավորվել, հիմա ի՞նչն է լավացել կամ փոխվել՝ չեմ տեսնում այն գործոնները, որոնք ոգևորում են նման քայլի:


Բայց և այնպես՝ գլխավոր հարցերը հետևյալն են՝
- Կուզեի, որ օրենսգիրքը հստակ պատասխան տար, թե ստվերային շրջանառությունների հարկման, ստվերի կրճատման ի՞նչ նոր քայլեր և զարգացումներ են սպասվում: Ինչու՞ նախագծում լուծված չեն հարկային սովորական իրավախախտումները, հարկերից խուսափումները և միտումնավոր, չարամտորեն խուսափումները տարանջատող դրույթների հարցը: Այն, ինչ արել ենք վերջին 20 տարում այս բնագավառում, այնքան ճի՞շտ է եղել, որ ձեռք տալու անհրաժեշտություն չկա:
-Կարո՞ղ ենք այս օրենսգրքով պայքարել ստվերի և կոռուպցիայի դեմ՝ ինչքան էլ մենք տարիներ շարունակ կրճատել ենք ստվերը և դրա հաշվին ընդլայնել ենք բյուջեի եկամտային մասը, այնուամենայնիվ, դա մնում է թիվ մեկ խնդիր:
-Կարո՞ղ ենք մենք այս օրենսգրքով գնալ տնտեսության աճի, արտադրության աճի, նպաստո՞ւմ է այս օրենսգիրքը արտադրության զարգացմանը՝
-1000-ից ավելի կարգավորում կա՝ կուզեի գտնել մեկը՝ որ տեղական արտադրողը իր շահույթը տնտեսության մեջ ներդնելով՝ խրախուսվեր, չէ՞ որ մեկը շահույթը ստանում, դղյակ է կառուցում, կամ ճոխ մեքենա գնում, մյուսը՝ նոր սարքավորում գնում և նոր արտադրամաս հիմնում: Մեզ համար կարևոր է տարբերակված մոտեցումը այս պարագայում:
- 2018-ից գործողության մեջ դնելով օրենսգիրքը, ի՞նչ բյուջետային ռիսկեր կարող է առաջացնել: Ինձ մտահոգում է, միասնական գանձապետական հաշվի համատարած կիրառմանը զուգահեռ, ԱԱՀ-ի, գերվճարների, մի շարք կարգավորումների միաժամանակյա կյանքի կոչելը: Այս առումով կարծում եմ տեղին կլինի ևս մեկ անգամ մանրակրիտ անդրադառնալ բոլոր այն նորամուծությունների կիրառման ժամկետներին, որոնք կապված են էլեկտրոնային հաշվառման նոր համակարգի ներդրման հետ:
- Առաջարկում եմ անպայման իրականացնել հարկային բեռի գնահատական՝ մինչև ներկայացված օրենսգրքի ընդունման և օրենսգրքի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածներում: Մենք պիտի հստակ պատկերցնենք , ասենք մի տեղեկանքի տեսքով, դեմ դիմաց հարկ վճարողի հարկային բեռը թեթևացնող, նրա ժամանակը տնտեսող, հարկ վճարողի նկատմամբ վարչարարությունը պարզեցնող կամ նրա գործունեությունը խթանող կոնկրետ հոդվածներն ու դրույթները և հարկային բեռը բարձրացնող, վարչարարությունը խստացնող, լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություններ առաջացնող բոլոր հոդվածներն ու դրույթները: ԵՎ ընդհանրապես, երկարատև՝ օրնակ 5-10 տարվա համար օրենսգիրքը այդպիսի, բիզնեսին նոր շունչ հաղորդող, հարկային ընդհանուր բեռը և վարչարարությունը թեթևացնող «մեսսիջների» կարիք ունի:
- Ներկայացրած նախագիրծը կարիք ունի գործարար համայնքի հետ ավելի ինտենսիվ քննարկումների և փոխադարձ համաձայնությունների ձեռք բերման: Գործարար համայնքը առանձին դեպքերում գտնում է, որ հարկային օրենսգրքի ընդունման լավագույն պահը և ժամանակը չէ, կամ որ հեղինակները քիչ ռեսուրս են ունեցել լուծելու համար հատկապես ներդրումային գրավչության, հարկային խթանների արդյունավետ օգտագործման, հարկային բեռի հավասարաչափ բաշխման և այլ արդիական խնդիրներ: Այս առումով դեռևս ժամանակ կա գործարար համայնքի կողմից բարձրացվող խնդիրներին արդյունավետ և հիմանավորված լուծումներ տալու:
- Մենք դեռևս բավականին ժամանակ ունենք նախագիծը հարստացնելու և կատարելագործելու համար: Կոչ եմ անում խմբակցություններին և ՀԿ-ներին, ընդհանուր դատողություններից զատ, փորձել կոնկրետ առաջարկություններով բարելավել ներկայացված օրենսգիրքը և լուծել նրա նկատմամբ հասարակության, պետության, գործարար համայնքի և հարկ վճարողների արդարացված և հիմնավորված պահանջների հարցը: Կարծում եմ, աշխատելու շատ բան կա: Կոչ եմ անում բոլորին՝ միանալ այս գործին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ-ն առաջարկում է Հարկային օրենսգիրքն ընդունել առաջին ընթերցմամբ և շարունակել բարեփոխել՝ հրավիրելով խորհրդարանական լսումներ, աշխատելով գործարարների, հ/կ-ների և փորձագետների հետ: Ընդդիմադիր խմբակցությունները օրենսգիրքը ընդհանրապես որակում են անընդունելի՝ համարելով, որ չի լուծում տնտեսության զարգացման գերխնդիրը:

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ